Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ՆԱՏՕ-ն նեղացած չէ, մնում է Հայաստանը կողմնորոշվի

ՆԱՏՕ-ն նեղացած չէ, մնում է Հայաստանը կողմնորոշվի
06.09.2017 | 17:51

Հայաստանը հրաժարվեց մասնակցել Վրաստանի հարավում անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին, թեպետ նախապես պատրաստվում էր:
Զորավարժություններում ընդգրկված են 1515 զինծառայող յոթ երկրներից՝ Վրաստան, ԱՄՆ, ՈՒկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Լատվիա, Ադրբեջան: Զորավարժությունները, որ կազմակերպել են Վրաստանի զինված ուժերը և ԱՄՆ-ի ծովային հետևակները, անցկացվում են յոթերորդ անգամ և կտևեն մինչև սեպտեմբերի 11-ը: Վրաստանի պաշտպանության նախարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի նախապատրաստումը համատեղ գործողություններին, ճգնաժամային իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակումը, գործակցության բարելավումը ԱՄՆ-ի ու գործընկերների միջև: Սպասվում էր, որ Հայաստանը զորավարժություններին մասնակցելու է ընդամենը երեք զինծառայողներով: Չնայած այդքան փոքրաթիվ ներկայությանը, բայց Ռուսաստանի դաշնակից ու ՀԱՊԿ անդամ երկրի բուն մասնակցությունը զորավարժություններին սիմվոլիկ կլիներ: Սակայն անցած կիրակի զորավարժությունների բացման արարողությանը Օրֆոլոյում հայ զինծառայողները չկային: Դա շատ ԶԼՄ-ների ստիպեց գուշակել՝ ո՞րն է հայկական իշխանությունների որոշման պատճառը և չի՞ ներգործել այդ որոշման կայացման վրա Մոսկվան: Հայաստանի պաշտպանության նախարարությունը սկզբում հրաժարվում էր մեկնաբանել որոշումը: Ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հավաստեց լրագրողներին, որ որոշման մեջ քաղաքական մոտիվ ու միջամտություն չկա:

Ավելին՝ նրա խոսքով՝ Հայաստանը երբեք չի էլ հայտարարել, որ անպայման կմասնակցի զորավարժություններին: «Պաշտոնապես չի հայտարարվել, որ մենք մասնակցելու ենք, որ հիմա ասվի, թե մենք չենք մասնակցում: Ցանկացած ծրագրում հնարավոր են որոշ փոփոխություններ: Պետք չէ արտառոց համարել, դա զինված ուժերի սովորական, ամենօրյա գործունեությունն է, որի ծրագրերում կարող են որոշակի փոփոխություններ կատարվել»՝ ասաց փոխնախարարը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն՝ նշելով, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններին մասնակցության հայտ չի ներկայացվել և անտեղի են ԶԼՄ-ների շահարկումները վերջին պահին զորավարժություններից Հայաստանի հրաժարվելու մասին:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է՝ ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային գործակցության ծրագրային կարիքներից: Հաշվի առնելով փաստը, որ Վրաստանում անցկացվող զորավարժությունները այդ առումով ՀՀ ԶՈՒ-ի համար չունեն գերակա նշանակություն, ի սկզբանե որոշվել է չմասնակցել և մասնակցության հայտ չի ներկայացվել»՝ ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ: Սակայն Վրաստանի ՊՆ-ն հաստատում է, որ հայտ եղել է և հայտում նախատեսվել է Հայաստանից երեք զինծառայողի մասնակցություն զորավարժություններին: Տրանսպորտի, տեղակայման և հայ զինծառայողների սննդի ծախսերը կատարում էր ամերիկյան կողմը՝ BBC-ին ասել է Վրաստանի ՊՆ հասարակության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Նինո Տոլորդավան: Նրա խոսքով՝ ծանուցումը, որ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցելու, վրացական կողմը ստացել է Հայաստանի ռազմական ատաշեից զորավարժությունները սկսվելուց մեկ օր առաջ:
«Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական գործոնը, հատկապես ՌԴ-Արևմուտք հարաբերությունների առանձնահատկությունները, իհարկե, ներգործել են և Հայաստանի ղեկավարությունը հաշվի է առնում այդ գործոնը, երբ մասնակցում կամ չի մասնակցում Վրաստանի կամ ՆԱՏՕ-ի գործընկեր այլ երկրների տարածքներում անցկացվող միջոցառումներին,- ասում է Երևանի Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը:- Հայաստանի ռազմավարական խնդիրն է, իհարկե, զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, բայց միևնույն ժամանակ ռուսական գործոնը հաշվի չառնել անհնար է»: Փորձագետը նաև կասկածում է, որ Հայաստանը հրաժարվել է զորավարժություններին մասնակցելուց Ադրբեջանի զինծառայողների մասնակցության պատճառով: Լեսթերի համալսարանի Հետախուզության, անվտանգության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ Երևանի որոշումը թելադրված է, ավելի շուտ, բացասական մթնոլորտով ու փորձագետների կարծիքով, քան թե Մոսկվայի ուղղակի ճնշումով:

«Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի ու նույնիսկ Ադրբեջանի ցանկացած մասնակցության ինչ-որ ռազմաքաղաքական միջոցառումների՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, և դա կարող է քաղաքական գործիք դառնալ Ռուսաստանի ձեռքում՝ այդ պետությունների վրա ճնշում գործադրելու համար,- ասում է նա:- Թերևս հայկական կողմը հենվել է հենց այդ տրամաբանությանը՝ որ Հայաստանի մասնակցությունը կարող էր լրացուցիչ գլխացավանք դառնալ Երևանի համար և լրացուցիչ ճնշման լծակներ տալ Ռուսաստանին»: Աբրահամյանը կարծում է, որ հայկական կողմի որոշման վրա կարող էր ազդել և զորավարժությունների ձևաչափը, որ տարբերվում է նախորդներից, որոնց հայկական զինծառայողները մասնակցել են: «Այս զորավարժությունների ձևաչափը և սցենարը հիմնականում ենթադրում են զուտ ռազմական խնդիրներ, ի տարբերություն «Արժանի գործընկեր» զորավարժւթյունների, որ ավելի լայն ընդգրկում ունեն՝ ներառյալ ռազմաբժշկական և մարդասիրական բաղադրիչը: Այս ենթատեքստում հայկական կողմը «Արժանի գործընկեր» զորավարժություններին ներկայացված էր ռազմական հոսպիտալի կազմով՝ 40 զինծառայողով՝ մարդասիրական աջակցության շրջանակներում, ընդգծված՝ անզեն, որպեսզի նվազեցնի ռուսական կողմի հնարավոր բացասական արձագանքը,- ասում է նա:- Ռումինիայում «Արժանի գործընկեր» զորավարժություններին մասնակցությունից հետո հայկական կողմը ակնհայտորեն որոշել է չսրել իրավիճակը Ռուսաստանի հետ հարաբերություններում»:


Պաշտոնական անձինք Երևանում հաստատում են, որ հրաժարումը զորավարժություններից չի ազդի իրենց երկրի իմիջի վրա, բայց Աբրահամյանի կարծիքով, անցյալում համանման որոշումների համապատկերում, զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելը իր հետքը կթողնի Հայաստանի առանց այդ էլ ոչ պարզ արտաքին քաղաքական վիճակի վրա: «Դա ևս մեկ անգամ կամրապնդի Արևմուտքի կարծիքը հայկական արտաքին ու ռազմական քաղաքականության անկայունության ու անկանխատեսելիության մասին, առավել ևս համադրելով 2009-ի համանման դեպքին, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններից՝ նորից սկսվելուց մեկ օր առաջ տեղեկացնելով: Բացի այդ՝ կա 2013-ի դառը փորձը, երբ ԵՄ-ի հետ համարյա քառամյա բանակցություններից հետո Հայաստանը հանկարծ հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման արդեն ստորագրության պատրաստ համաձայնագրից՝ հօգուտ Մաքսային միության կամ ԵԱՏՄ-ի անդամակցության: Այն ժամանակ այդ կտրուկ շրջադարձը Մոսկվայի կողմը հայ հասարակության մեջ անվանեցին «մի գիշերվա որոշում»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայության համայնապատկերում Հայաստանի համար բավականին բարդ է դիվերսիֆիկացնել իր ռազմաքաղաքական հարաբերությունները: Կա ռիսկ, որ Հայաստանը միայն ավելի կբարդացնի իրավիճակը և Արևմուտքից առավել մեծ մեկուսացման մեջ կհայտնվի, եթե իբրև ՆԱՏՕ-ի գործընկեր հրաժարվի մասնակցել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ալյանսի միջոցառումներին: «ՆԱՏՕ-ն առաջին հերթին կայունացնող, մեր տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդող գործոն է: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի աճող դիմակայության պայմաններում ռիսկ կա, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակից և հիմնական ռազմաքաղաքական հենարան Հարավային Կովկասում, կարող է վերջնահաշվում ոչպաշտոնական դասակարգվել ՆԱՏՕ-ի նոմինալ գործընկեր»,- ասում է փորձագետը:
Նինա ԱԽՄԵՏԵԼԻ, BBC


Հ.Գ. Կիրակի օրվանից քննարկվող թեմայի ինքնատիպ, բայց ժամանակավոր եզրափակումը տվեց ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելու որոշումը:
«Ինչ վերաբերում է Agile Spirit գործողությանը, ապա չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ կարող եք ստանալ պաշտպանության նախարարությունից», - Aysor.am-ին ասացին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
Միևնույն ժամանակ, դեսպանատանը ուրախությամբ փաստեցին, որ Հայաստանը հետզհետե ավելացնում է իր մասնակցությունը ԱՄՆ հովանու ներքո ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ հատկապես այս տարածաշրջանում անցկացվող վարժանքներին:


«Վերջերս Հայաստանը մասնակցեց Վրաստանում անցկացվող Noble Partner վարժանքին, որը թույլ տվեց զարգացնել ռազմաբժշկական պատրաստականությունը՝ որպես ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ առաքելությունների «Դեր 2» ռազմաբժշկական ստորաբաժանում: Հայկական «Դեր 2» ռազմաբժշկական թիմը Noble Partner վարժանքի ընթացքում ապահովում էր 7 երկրներից վարժանքին մասնակցող ավելի քան 2000 զինծառայողների բուժսպասարկումը: Պաշտպանության նախարարությունը շարունակում է հետաքրքրված լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք այլ վարժանքների մասնակցությամբ, որոնք հնարավորություն կտան ապահովել ռազմաբժշկական ու ինքաշեն պայթուցիկների վնասազերծման հայկական ստորաբաժանումների հավաստագրումը: Մենք պատրաստ ենք աջակցել և ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք համապատասխան վարժանքներին»՝ տեղեկացրել են դեսպանատնից: Փաստացի՝ ՆԱՏՕ-ն ասում է՝ ես նեղացած չեմ, դուք որոշեք՝ հաջորդ անգամ ինչ եք անելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ